Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես կարելի է պաշտպանվել կաթվածից. ankakh.com

Ինչպես կարելի է պաշտպանվել կաթվածից. ankakh.com

Կաթված տարած 3 հիվանդից միայն մեկն է շտապ օգնություն կանչում ժամանակին` անմիջապես տագնապային ախտանշանների ի հայտ գալուց հետո: Մեծ մասը հույս ունի, որ ամեն ինչ ինքնուրույն կանցնի, ու, փաստորեն, լավանալու հույսով թանկարժեք ժամանակն է կորցնում այն դեպքում, երբ բժիշկների օգնությունը կարող է լավ արդյունք ապահովել:

Կաթվածի կասկածի պարագայում ինքը` հիվանդը, կամ նրա բարեկամները կարող են հասարակ թեստ անցկացնել:

1. Փորձեք ժպտալ կամ ատամները բացել. եթե ժպիտը «ծուռ» է, նշանակում է, որ ուղեղի վնասման հետ գործ ունեք:

2. Միակողմանի թուլություն. պետք է բարձրացնել ու վերևում պահել 2 ձեռքը՝ հորիզոնական դիրքով. եթե մեկ ձեռքը «չի հնազանդվում», ապա պետք է շտապօ գնություն հրավիրել:

3.Խոսքի խանգարում. խառնված, ոչ հստակ խոսքը նույնպես կաթվածի ախտանշան կարող է լինել: Հիվանդին մի քանի պարզ հարցեր ուղղեք եւ իսկույն կզգաք, որ ինչ-որ բան այն չէ:

4.Պետք է անհապաղ անցնել գործի, եթե վերը թվարկված ախտանշաններն առաջանում են հանկարծակի:

Հիվանդությունը նենգ է, կրկնվելու հատկություն ունի: Մեկ անգամ կաթված տարած մարդիկ հետագա 5 տարիների ընթացքում կրկին բախվում են նման խնդրի:

Առաջին կաթվածից հետո կենդանի է մնում է հիվանդների 65%-ը,  20%-ը հաշմանդամություն է ձեռք բերում: Կաթվածը ծանր խնդիր է ո՛չ միայն հիվանդի, այլև նրա ընտանիքի համար:

Միայն 270 րոպե

Մենք երբեմն մեղադրում ենք շտապ օգնությանն ու բժիշկներին՝ հապաղելու համար: Սակայն շատ բան կախված է հենց մեզնից: Ուստի պետք է հոգ տանել անոթների առողջության մասին ու ճիշտ քայլեր ձեռնարկել այն ժամանակ, երբ հիվանդությունը թակում է դուռը:

Կաթվածի դեպքում հիվանդին առավելագույն օգնելու ժամանակահատվածը 4,5 ժամ է: Ուստի կաթվածից հետո նրան շտապ, հնարավորինս կարճ` 40-60 րոպեում պետք է հասցնել՝ օգնել: Ցավոք, այսօր բուժօգնության են դիմում չափազանց ուշ, հիվանդների 70%-ը շտապ օգնություն է կանչում երբեմն կաթվածից օրեր անց:

Կանխարգելման նպատակով բոլոր հիվանդությունների դեպքում խորհուրդներն ընդհանուր են. առողջ կենսակերպ վարեք:

Ճիշտ սնունդ ընդունեք, շատ բանջարեղեն ու մրգեր, «դանդաղ» ածխաջրեր` ձավարեղենի տեսքով ու նվազ «արագ» ածխաջրեր` քաղցրեղենի, սպիտակ հացի ու կենդանական ճարպերի տեսքով: Հավասարակշռված սննդակարգի մասին կարող է պատմել ներզատաբանն ու սրտաբանը. սկզբունքն ամենուր նույնն է:

Հրաժարվեք վնասակար սովորություններից. անոթներն «այրվում» են ծխելուց, վնասվում ալկոհոլից, դրան հավելած սակավաշարժությունը, երբ բազմոցն ու հեռուստացույցը գերադասում ենք զբոսանքից:

40-ից հետո յուրաքանչյուրին բժիշկը խորհուրդ է տալիս կանոնավոր կերպով չափել ո՛չ միայն ճնշումը, այլև արյան մեջ խոլեսթերինի քանակը: Արյան բարձր ճնշումն ամենալուրջ ռիսկային գործոններից է, իսկ խոլեսթերինի բարձր մակարդակը հանգեցնում է անոթների նեղացման, երբ պատերին ճարպաթերթեր են գոյանում:

Կարևոր է հիշել, որ կաթվածի ախտանշանների ի հայտ գալուց որոշ ժամանակ անց, եթե վիճակը կանոնավորվել է, միևնույն է, պետք է դիմել նյարդաբանին: Հնարավոր է, որ միկրոկաթված լինի, ու եթե այդպես է, ապա լուրջ հիվանդության առաջացման վտանգը դարանակալել է:

Լավագույն մթերքները տղամարդկանց առողջության համար

Բազմազան ու հավասարակշռված սննդի օրաբաժինը առողջ կենսակերպի անկյունաքարն է բոլորի համար: Սակայն չպետք է մոռանալ, որ կանանց ու տղամարդկանց առողջությունը առանձնահատկություններ ունի, այսինքն` ամեն սեռի համար տարբեր մթերքներ տարբեր կերպ են ազդում:

Տղամարդիկ պետք է ուշադրություն դարձնեն հատկապես սիրտ-անոթային համակարգին, վերարտադրողական ֆունկցիային, խոլեսթերինի մակարդակի կարգավորմանը, մկանային զանգվածի աճին:

Ահա թե որ մթերքները պետք է օգտագործել.

Կարմիր միս. այն հարուստ է ամինաթթվով, որը նպաստում է մկանային զանգված աճեցնելուն, երկաթով, որն անհրաժեշտ է արյունաստեղծման ու սեռական ֆունկցիայի կարգավորման համար:

Բալ. հյութը հրաշալի միջոց է մկանային ցավից ազատվելու և մարզումների հետևանքով վնասվածքը նվազեցնելու համար: Իր ազդեցությամբ նման է հակաբորբոքային դեղորայքի, սակայն մեծ առավելությունն այն է, որ կողմնակի երևույթներից զերծ է:

Շոկոլադ. պետք է ճիշտ շոկոլադ ընտրել, այսինքն` դառը ու ոչ մեծ քանակով: Կակաոյի պարունակությամբ շոկոլադը 70% ֆլավոնոիդներով է հարուստ, որոնք օգնում են նվազեցնելու վնասակար խոլեսթերինի մակարդակը, բարելավելու արյան շրջանառությունն ու կարգավորելու արյան ճնշումը, որն անքակտելիորեն կապված է էրեկտիլ ֆունկցիայի հետ:

Ծովամթերք, հատկապես ոստրեներ, որոնք ցինկի պարունակությամբ պարզապես չեմպիոն են: Ցինկը չափազանց կարևոր է սրտի առողջության, մկանների աշխատանքի ու վերականգնողական համակարգի համար: Մենք ծով չունենք ու, բնականաբար, ոստրեն մեզ համար այնքան էլ հասանելի մթերք չէ, ուստի կարելի է փոխարինել տավարի մսով, հնդկահավի ու թռչնամսով, դդմի կորիզներով. չնայած դրանք ցինկի պարունակությամբ զիջում են ծովամթերքներին, այդուհանդերձ, ցինկի վատ մատակարար չեն:

Յուղոտ ձուկ. այսօր արդեն դժվար գտնվի մեկը, ով լսած չլինի օմեգա-3 ճարպաթթուների մասին: Յուղոտ ձկնամիսը կպաշտպանի սրտանոթային համակարգը, որի գերազանց աշխատանքը շատ կարևոր է:

Կաթ ու յոգուրտ. կաթի շիճուկն ու յոգուրտը հարուստ են լեցիտինով (մկանային զանգվածի ավելացմանը նպաստող ամինաթթու): Յոգուրտը հրաշալի է մարզումներից հետո ուտելու համար, քանի որ աղիների համար նպաստավոր մանրէներ, սպիտակուցներ ու մեծ քանակությամբ կալիում է պարունակում:

Կոճապղպեղ. հակաբորբոքային հատկություն ունի ու վերացնում է մկանային ցավը:

Ադամաթուզ

Կամ կալիում պարունակող այլ մթերք, որն անհրաժեշտ է ոսկրերի ու մկանների ամրության համար:

Տոմատ ու տոմատի հյութ. հարուստ է լիկոպենով. նյութ, որը շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանության գործում կարևոր դեր ունի:

Սպանախ. տեսողությունն ու շագանակագեղձի առողջությունը կարելի է կարգավորել սպանախով, ավելի ճիշտ` ապանախի բաղադրության լյուտեինով:

Պիստակ. սպիտակուց, բջջանք, ցինկ. հրաշալի համալիր` պիստակի տեսքով: Դա նպաստում է խոլեսթերինի նվազեցմանը: Գերազանց է ազդում արական ֆունկցիայի, առողջության ու սրտանոթային համակարգի վրա:

Ձու. ապահովում է լյուտեինով, սպիտակուցով ու երկաթով, սակայն դրա համար պետք է ձուն ուտել ամբողջությամբ: Այն կօգնի մկանային զանգվածի աճին, արյունաստեղծմանը: Ձուն 185 մգ խոլեսթերին է պարունակում, իսկ օրական նորման 300 մգ է: Ուրեմն պետք է հիշել` չարաշահել չի կարելի:

Վարսակաձավար. բջջանքի դերը տղամարդու առողջության տեսանկյունից դժվար է թերագնահատել: Վարսակաձավարի փաթիլները հարուստ են բջջանքով, որը լիցքավորում է էներգիայով, կարգավորում մարսողությունը, մաքրում անոթները վնասակար խոլեսթերինց:

Լավագույն սննդակարգը ծերացման դեմ

Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի աշխատակիցները կազմել են այն մթերքների ցուցակը, որոնք խթանում են ծերացումը դանդաղեցնող կենսաբանական գործընթացները:

Տվյալ մթերքները, ինչպես վստահեցնում են մասնագետները, ո;չ միայն օգնում են ավելի երիտասարդ երևալու անձնագրային տվյալներից, այլև նպաստում են շատ հիվանդությունների կանխարգելմանը: Ավելի երիտասարդ երևալու ցանկացողներին համալսարանի մասնագետներն առաջարկել են ձկան յուղ ներառել օրաբաժնում: Փորձերը ցույց են տվել, որ ձկան յուղի մեջ պարունակվող օմեգա-3 թթուները պաշտպանում են բջջի ներսում գտնվող ԴՆԹ-ի վնասված թաղանթը: Այդպիսով, բջիջների կյանքը երկարում է, հետևաբար ամբողջ օրգանիզմի ծերացումը դանդաղում է: Բացի այդ, ձկան յուղն օրգանիզմը պաշտպանում է արթրոզներից` հոդերը քայքայող հիվանդություններից:

Ընդհանրապես, ինչպես մասնագետներն են ասում, «երիտասարդացնող սննդաբաժնում» պետք է ավելի շատ օմեգա-3 պարունակող մթերքներ ներառվեն, ինչպիսիք են՝ ձկնեղենը, հունական ընկույզը, դդմի կորիզը, սոյան: Բացի այդ, հակածերացնող մթերքներ են համարվում միսը, թարմ կաթն ու ձուն, որոնցում մկանային զանգվածին անհրաժեշտ շատ սպիտակուցներ և ուղեղի ակտիվությունը պաշտպանող նուտրիենտներ կան:

Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա նման հատկություններով են օժտված կաղամբը (սպիտակագլուխ, բրյուսելյան, բրոկոլին), սոխն ու սխտորը, որոնք օգնում են պայքարելու տարիքի հետ սրվող բորբոքային հիվանդությունների դեմ: Մրգերից նման հատկություններ ունի խնձորը, որի բուժիչ ուժն ապացուցված է մարդկության երկար պատմության ընթացքում:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ